Սահմանադրական դատարանի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ներկայացրել է իրավական հիմքերը, թե ինչ ընթացակարգով է իրականացվելու նորընտիր խորհրդարանի լիազորությունների ստանձնումը:
«2015 թ. խմբագրությամբ Սահմանադրության 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, կարծում եմ, նորընտիր Ազգային ժողովը պետք է ստանձնի իր լիազորությունները՝ նախորդ գումարման ԱԺ լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի բացման պահին, այսինքն՝ մայիսի 31-ին: Սակայն այս հոդվածը կգործի միայն ԱԺ ներկայիս 6-րդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից, ինչը բխում է 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրության 209-րդ հոդվածի 3-րդ մասից:
Նույն հոդվածի համաձայն շարունակելու է գործել 2005 թ. փոփոխություններով Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ որի՝ նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի ընտրությունից հետո՝ 3-րդ հինգշաբթի օրը: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ն որոշում կընդունի քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը, ինչը նշանակում է, որ արդեն ապրիլի 27-ին ԱԺ-ն կգումարի նստաշրջան՝ ստանձնելով իր լիազորությունները:
Հիշյալ մոտեցման հիմքում դրված է նաև 2016 թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, որի համաձայն, հերթական ընտրությունների դեպքում նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանը հրավիրվում է նախորդ գումարման ԱԺ լիազորությունների ժամկետի ավարտման օրը, որի մասին հայտարարում է ԿԸՀ-ի նախագահը, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այդ հոդվածը նույն օրենքի 166-րդ հոդվածի համաձայն, ուժի մեջ է մտնելու «ԱԺ հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից», այսինքն՝ այս դեպքում դարձյալ շարունակելու է գործել 2002 թ. փետրվարի 20-ին ընդունված «Ազգային ժողով կանոնակարգ» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, որով, բնականաբար, նախատեսված է 2005 թ. Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգը, այսինքն՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երրորդ հինգշաբթի օրը:
Կառավարության ձևավորման կարգի ու ժամկետների վերաբերյալ 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրության 149-րդ հոդվածը կգործի միայն նորընտիր հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, հետևաբար, դարձյալ հարկ կլինի ղեկավարվել 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ, մասնավորապես՝ դրա 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, նույն ապրիլի 27-ին կառավարությունը հրաժարական կտա, որը նույն օրն ընդունելուց հետո, հանրապետության նախագահը 10-օրյա ժամկետում վարչապետ է նշանակելու, իսկ կառավարությունը կկազմավորվի վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում:
Այդ ընթացքում կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչ նոր կառավարության կազմավորումը»,- մեր հարցին, թե ըստ օրենքի, նոր ձևավորված խորհրդարանը ե՞րբ պետք է գումարի անդրանիկ նիստը գրավոր պատասխանել է Գևորգ Դանիելյանը:
ԿԸՀ-ն ապրիլի 9-ին կհրապարակի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների մասին որոշում: